Ինդոնեզացի հաքերները տասնյակ ավստրալական կայքեր են կոտրել
Anonymous միջազգային խմբավորման ինդոնեզական խմբի հաքերները ստանձնել են նոյեմբերի 3-ին հարյուրից ավելի տարբեր ավստրալական ընկերությունների կայքեր կոտրելու պատասխանատվությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաքերային հարձակման ենթարկված կայքերում հրապարակվել են Ինդոնեզիան լրտեսելը դադարեցնելու պահանջով հաղորդագրություններ:
Այդ կերպ հաքերները պատասխանել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նյութերի վրա հիմնված այն հաղորդագրություններին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ասիական երկրներում էլեկտրոնային տվյալներ ստանալու նպատակով ավստրալական դեսպանատներ են օգտագործվել։
Հոկտեմբերի 31-ին The Sydney Morning Herald թերթի հրապարակած փաստաթղթերից պարզ է դարձել, որ լրտեսության համար օգտագործվում է Ջակարտայում ավստրալական դեսպանատունը: Լրտեսումն իրականացվում է ամերիկյան Stateroom ծրագրի շրջանակներում:










