Եգիպտոսում սկսվում է Մուրսիի դատավարությունը. նրան, հնարավոր է, մահապատիժ է սպառնում
Կահիրեում այսօր դատարանի առաջ կկանգնի Եգիպտոսում ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջին նախագահ Մուհամեդ Մուրսին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Նրա հետ մեկտեղ դատարանի առաջ կկանգնեն նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 ներկայացուցիչներ:
Նրանք մեղադրվում են 2012-ի դեկտեմբերին բռնություն հրահրելու համար, որը հանգեցրել է տասը մարդու մահվան: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:
Մուրսիի կողմնակիցները պնդում են, որ նրա դեմ մեղադրանքները ստահոդ են և զանգվածային ցույցերի կոչ են անում:
Մուրսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2012-ի հունիսին, 2013-ի հուլիսին իսլամիստների ազդեցությունից դժգոհ զինվորականներն իշխանությունից հեռացրել էին նրան:










