Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը գրավի դիմաց ազատ է արձակվել
Պակիստանի դատարանն այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել տնային կալանքի մեջ գտնվող նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, որը ներգրավված է բելուջական անջատողականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության քրեական գործում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել: Մուշարաֆը չի լքի երկիրը և պատասխան կտա բոլոր քրեական գործերով»,- ասել է նրա փաստաբաններից մեկը:
Մուշարաֆը կալանքի տակ էր առնվել հոկտեմբերի 10-ին՝ մեղադրվելով 2007 թվականին անկարգությունների ժամանակ 100-ից ավելի մարդկանց սպանության համար:
Ներկայում նախկին նախագահը տնային կալանքի տակ է գտնվում Իսլամաբադի ծայրամասերից մեկում:
Չնայած նրա դեմ հարուցված երեք քրեական գործերին, այս տարվա մարտի 24-ին Մուշարաֆը վերադարձել էր հայրենիք՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ապրիլի 7-ին Պակիստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր նրան որպես թեկնածու, սակայն արդեն ապրիլի 16-ին հանձնաժողովի տրիբունալը նրան արգելել էր մասնակցել ընտրություններին՝ նրա դեմ եղած մեղադրանքների պատճառով:
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:










