Նյու Յորքում փրկել են 17-րդ հարկից ընկած ուսանողին

17:45 • 04.11.13

Նյու Յորքում հաջողվել է փրկել ուսանողին, որն ընկել է հանրակացարանի 17-րդ հարկից և մոտ 36 ժամ մնացել երկու շենքերի միջև գտնվող նեղ տարածությունում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Daily News-ին:

 

Նիգերիայից 19-ամյա Աշեր Վոնգթաուն տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատել:

 

Վոնգթաուին հայտնաբերել են հանրակացարանի անվտանգության աշխատակիցները: Նրան դուրս հանելու փրկարարական գործողությունները տևել են 1,5 ժամ: Ուսանողը մնացել էր հանրակացարանի և ավտոկայանատեղի շենքերի միջև գտնվող նեղ տարածքում: Նրան հանելու համար փրկարարները ստիպված են եղել ծակել պատերից մեկը:

 

Թե ինչու է Վոնգթաուն ընկել տանիքից, հայտնի չէ: Հանրակացարանի բնակիչների խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շենքում աշխատել է հրդեհի ազդանշանը և սկսվել տարհանումը: Բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է նա վազել տանիք, այնտեղ հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը: