Տանտիրուհին խորդանոցը մաքրելիս զինամթերք է հայտնաբերել և զանգահարել Ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին զանգահարել է 1986 թ. ծնված Արմինե Ք.-ն և հայտնել, որ խորդանոցը մաքրելիս հայտնաբերել է պայուսակ, որի մեջ փամփուշտներ կան:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խմբին 1978 թ. ծնված Դավիթ Խ.-ն ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Դավիթ Խ.-ն հաղորդում է տվել, որ նշված ռազմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը 1992-1994 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և նշված ռազմամթերքի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, որոնք նույն օրը, ժամը 16.00-ին, հայտնաբերվել է իր կնոջ` Արմինե Ք.-ի կողմից:
Հայտնաբերված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նույն օրը ժամը 10.00-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է և Երևանի Վ. Փափազյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհին աղբարկղի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Ռիգայի և Սարալանջի փողոցների խաչմերուկի հարակից հատվածում տեղադրված աղբարկղերի մոտ հայտնաբերել է 4 պարկերի մեջ փաթեթավորված «ՌԿԳ» տիպի հակատանկային ձեռքի 6 նռնակ` բռնակ պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի հակահետևակային նռնակին նմանվող 14 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի հակահետևակային նռնակի նմանվող 1 նռնակ` առանց պայթուցիչի, անհայտ տիպի գլանաձև հակահետևակային ձեռքի 11 նռնակ` առանց պայթուցիչների, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 654 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 343 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










