Իլհամ Ալիևը համաձայնվել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. ՄԽ-ն գալիս է Երևան ՀՀ նախագահի պատասխանը ստանալու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջանում են։ Այսօր նրանք հանդիպումներ են ունեցել Բաքվում և ճեպազրույց տվել ադրբեջանցի լրագրողներին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հերթական հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ։
Համանախագահը նշել է, որ դա քննարկվել է այսօր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։
Իգոր Պոպովն ասել է, որ Ադրբեջանի նախագահը տվել է նման հանդիպում իրականացնելու շուրջ իր համաձայնությունը։
«Համանախագահներն այսօր մեկնում են Երևան։ Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն։ Մենք հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ»,-ասել է ռուսաստանցի համանախագահը։
Բաքվում Անջեյ Կասպշիկն անդրադարձել է հրադադարի խախտումների դեպքերին։
«Ցավոք, հրադադարի մասին համաձայնագիրը երբեմն խախտվում է, և երկու կողմն էլ տեղեկացնում է այդ մասին։ Եվ երբ դա տեղի է ունենում, ես փորձում եմ ստուգել իրավիճակը»,-ասել է նա։
Կասպշիկը նշել է, որ իր մանդատի նպատակը կողմերի միջև վստահության կառուցումն է։ «Բոլորը պետք է հասկանան, որ իմ մանդատը ոչ թե հետազոտությունների, այլ կողմերի միջև վստահությունն ավելացնելու համար է»,-ասել է նա։
Նա հայտարարել է, թե փոխվստահությանն ուղղված միջոցառումները բազմիցս օգնել են մեղմել իրավիճակը, նվազեցնել լարվածության մակարդակը։ «Լարվածության մակարդակի նվազումը նշանակում է ավելի քիչ զոհեր, տուժածներ, և դա իմ աշխատանքի հիմնական նպատակներից մեկն է եղել և կմնա»,-հայտարարել է Կասպշիկը։










