Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

10:47 • 04.11.13

Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանը երեկ՝ նոյեմբերի 3-ին, դուրս է գրվել հիվանդանոցից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, ով տեղեկացրեց, որ դերասանի վիճակը լավ է:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել էին: Վրաերթից տուժածներից Տաթև Հակոբյանը, սակայն, դեռևս հիվանդանոցում է, ով արդեն վիրահատվել է:

 

Ըստ ոստիկանության՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):