ԱլԳ կարևոր բաղադրիչներից մեկը վիզաների դյուրացումն ու ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումն է. պաշտոնյա
Հայաստանի և Եվրոպական միության միջև «Վիզաների տրամադրման դյուրացման մասին» համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա քաղաքական գործիչներին, մտավորականներին, ուսանողներին, լրագրողներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անդամներին ավելի հեշտ ստանալ ԵՄ անդամ երկրների մուտքի արտոնագիր: Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արմեն Միլոյանը:
Նա նշեց, որ Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկը հենց վիզաների դյուրացումն ու ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումն է, քանի որ դրանց միջոցով է հասարակության հետ շփումն ապահովվում:
«Դյուրացված ասելով նկատի ունենք վիզայի տրամադրման որոշման ժամկետի կրճատում, ներկայացվելիք փաստաթղթերի կրճատում, դեսպանատուն դիմելու, այնուհետև հրավիրվելու ժամկետի կրճատում: Շենգեն վիզայի համար վճարվող գումարը կդառնա 35 եվրո, որը ներկայումս կազմում է 65 եվրո: Ինչպես նաև որոշակի խումբ մարդկանց՝ հաշմանդամներին, նրանց խնամակալներին, թոշակառուներին և այլն, վիզան կտվի անվճար»,- բացատրեց նա:
Հարցին, թե որ խմբի մարդիկ են համարվելու քաղաքացիական հասարակության անդամներ, Արմեն Միլյանը նշեց, որ նրանք պետք է լինեն հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և այն վստահությունը հայտնեց, որ առաջիկայում ԱԺ-ն կողմ կքվեարկի համաձայնագրին, քանի որ պատգամավորների մեծ մասը կարևորում է այն:
Ալեքսանդր Արզումանյանը նաև նշեց, որ այս համաձայնագիրը ԵՄ-ի հետ քննարկվել է Ասոցացման համաձայնագրի շրջանակում, սակայն սեպտեմբերի 3-ի ՀՀ նախագահի որոշումից հետո՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին, Հայաստանը բավականին ծանր իրավիճակում է:
«Սա որոշակի արգելակում է, բայց չեմ կարծում, որ ճանապարհը փակ է, դրա համար էլ կարևորում եմ այս համաձայնագրերի ընդունումը: Մեծ է այս հարաբերություններում քաղաքացիական հասարակության դերը և, ի վերջո, հասարակությունն է այն լոկոմոտիվը , որը տանում է իշխանությանը այս կամ այն որոշման: Մեր հասարակությունը ունի ավանդույթներ՝ համամարդկային արժեքները կրելու, որոնք այսօր եվրոպական են համարվում և վստահ եմ, որ փոխադարձ այցելությունները կբերեն այն գիտակցման, որ ավելի նպաստավոր կլինի գնալ դեպի ժողովրդավարություն, ոչ թե փորձենք կառչել ուժային պետություններից, որոնցից կառչած ենք եղել վերջին հարյուրամյակներում»,- ասաց նա:
ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով փորձագետ Էլեոնորա Վերգերը ընդգծեց, որ վիզաների տրամադրման դյուրացումը կօգնի բարձրացնել օրինական շարժունակությունը, և դա գործիք է պայքարելու անօրինական միգրացիայի դեմ:
«Պետք է գիտակցել, որ վիզայի համար դիմողը, անկախ նրանից, թե որ կատեգորիայի մեջ է մտնում, տա լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ նա ունի միջոցներ և տվյալ երկիր այցելության ժամանակ առանց գումարի չի մնա: Պետք է ապացուցի, որ ինքը հետ է վերադառնալու հայրենիք։ Այսինքն՝ ապացույցներ պահանջվելու են այնպես, ինչպես նախկինում, սա չի կանոնակարգվում վիզայի դյուրացման համաձայնագրով»,- ասաց նա:
Էլեոնորա Վերգերը նշեց, որ պարզապես պետք է փաստաթղթերի ցանկի շուրջ համաձայնության գալ հյուպատոսարանների հետ, որպեսզի տարբերությունները մեծ չլինեն:










