Ո՛չ առաջինն է, ո՛չ էլ՝ վերջինը. միգուցե Շանթը մի բան գիտի՞. կարծիքներ դեկտեմբերի 2-ին նախանշված հեղափոխության մասին

09:06 • 05.11.13

Արդեն 4 օր Երևանի Ազատության հրապարակում նստացույց անող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ը հեղափոխության վերջնաժամկետ սահմանելու շուրջ Tert.am-ը զրուցեց Հայաստանի իշխանական և ընդդիմադիր դաշտերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
 

«Ո՛չ առաջինն է, ո՛չ էլ՝ վերջինը»,- ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ դարերի ընթացքում շատ են եղել հեղափոխություն անողներ, բայց իրենք ժամանակ չունեն նման բաներին արձագանքելու համար, քանի որ իշխանության խնդիրը բարեփոխումների միջոցով հասարակության առջև ծառացած խնդիրներն աստիճանաբար լուծելն է:


«Թե հիմա ով ինչ է անում, կարևորը, որ անի օրենքի սահմաններում, իսկ այդ կոչերին թեթև վերաբերվեք, քանի որ ո´չ առաջինն է, ո՛չ էլ՝ վերջինը, բնական է, որ ժողովրդավարական երկրներում կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, ովքեր պարբերաբար նման կոչերով հանդես կգան»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է նրան, որ Շանթ Հարությունյանը հեղափոխություն անելու ժամկետ է նշել դեկտեմբերի 2-ը, Էդուարդ Շարմազանովն ավելացրեց. «Հիմա դեկտեմբերի 2-ին, թե հունվարի 2-ին, ինքն է որոշում, քաղաքական ընդդիմության առաջնորդներ կային, որ հիմա լուսանցքում են հայտնվել, ովքեր հինգ տարի է ժամկետներ էին դնում հեղափոխության կամ իշխանությունների հեռացման, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, իրենք իրենց կամ թոշակի ուղարկեցին, կամ էլ հայտնվեցին քաղաքական դաշտի լուսանցքում»:


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ մարդիկ կան, որոնք ինչ խելքներին փչում է հայտարարում են, բայց դա չի նշանակում, որ կարող են անել։


«Կարծում եմ, որ անլուրջ է խոսել մի մարդու մասին, որը երբևէ չի կարող լուրջ գործողություններ անել: Պետք է ավելի անլուրջ վերաբերվել նրան, որովհետև հեղափոխության համար կոնկրետ ժամկետներ չեն նշում, հեղափոխությունը պրոցես է, որը քիչ-քիչ հասունանում է և հետո լինում կամ չի լինում, հեղափոխության մասին ժամկետներով խոսելն ավելի քան անլուրջ է»,- ասաց նա:


Ինչ վերաբերվում է այլ ընդդիմադիր առաջնորդների և Շանթ Հարությունյանի միջև զուգահեռներ տանելուն, ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Երբևիցե թույլ չէի տա ինձ համեմատություններ անել լրջագույն քաղաքական ուժի ու լիդերի և մի մարդու միջև, որը ցնդաբանություններով է զբաղված: Ես չեմ կարծում, թե դրանք համարժեք քաղաքական ուժեր են, որոնք պետք է համեմատել»:


Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, թե դժվարանում է նման խորհրդանշական ժամկետներ նշել: «Միգուցե Շանթը մի բան գիտի՞, ես դա չգիտե՞մ: Ես կարծում եմ, որ մենք բոլորս, համենայնդեպս՝ հասարակության ջախջախիչ մեծամասնությունը, նույնն ենք ասում, ինչի մասին խոսում է Շանթը: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները չլքեն երկիրը, մեր ծերունիներն աղքատության չմատնվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք հարգում են այդ միտումը, սակայն այլ կերպ են գործում։ «Մենք կարծում ենք, որ համակարգի դեմ պետք է պայքարել համակարգային, այլ ոչ թե՝ անհատական»,- ասաց նա։


Վերջինիս խոսքով՝ իրենք չունեն ճշմարտության մենաշնորհը և հարգում են բոլոր պայքարող մարդկանց, այդ թվում նաև Շանթ Հարությունյանին, սակայն գտնում են, որ վերջնագրերով և պահանջներով վիճակը չի փոխվի. «Պետք է նախևառաջ ստեղծել այլընտրանքային համակարգ, որն իր վրա կվերցնի պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար»:


Տիգրան Խզմալյանը՝ որպես պայքարող քաղաքացիական խմբի ներկայացուցիչ, ասաց, որ իրենց խմբով սատարում են Շանթ Հարությունյանին, կիսում են նրա ցավը, վիշտը, մտահոգությունը, բայց գտնում են, որ նրա կողքին ֆիզիկական ներկայություն ապահովելը որևէ բան չի փոխելու. «Մենք ֆիզիկապես ներկա ենք լինում մի քանի վայրերում, որտեղ պայքար կա, մենք գերադասում ենք ֆիզիկապես լինել այնտեղ, որտեղ հիմա՝ այս պահին, կա քաղաքական և դասակարգային պայքար»: