Կաթողիկոսը հնարավորություն ունի ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության հարցին. Աստվածաբան
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու փաստը հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել ու որոշակի շեշտադրումներ անել Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի ցանկանում նշել, թե ինչ հարցեր պետք է բարձրացնի կաթողիկոսը, որպեսզի իր պատասխանն ուղղորդում չդառնա Վեհափառի գործողություններին:
«Կապրենք, կտեսնենք: Բայց Հայոց ցեղասպանության հարցում կարելի է այնպիսի շեշտադրումներ անել, որոնք մինչև հիմա չեն եղել: Այդ առումով խիստ նպաստավոր կարող է լինել հարցի նկատմամբ միջազգային մոտեցումների տեսակետից նոր մթնոլորտի ստեղծումը, բայց՝ մեզ համար առավել նշանակություն ունեցող դիրքից»,-ասաց նա:
Խոսելով այն մասին, թե Հայ առաքելական եկեղեցուն ինչ առավելություն կարող է տալ կաթողիկոսի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահության ստանձնումը, Վարդան Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր հավաքի օրակարգը պետք է հաստատվի հենց նրա կողմից:
«Հնարավորություն կունենանք մեր եկեղեցական ու ազգային մտածողության երանգն այդտեղ ներմուծել: Կարևորագույնն եմ համարում այն, որ վերելքի երկրներից լինի նախագահողը: Այսինքն՝ գոյություն ունեն կրոնաթափ և կրոնատապ երկրներ: Կրոնաթափ երկրներն այսօր ամբողջ Եվրոպայի երկրներն են, իսկ կրոնատապ երկրները նրանք են, որտեղ կրոնի գերակայությունը մեծ է: Դրանք են՝ Լատինաամերիկյան երկրները և նախկին Խորհրդային Միության երկրները, որոնք տարանջատվելով՝ կտրուկ բարձրացրին իրենց կրոնապատվությունը»,-ասաց նա և ընդգծեց, որ քրիստոնեության դրոշակակիրը պետք է վեր հառնող քրիստոնեության երկրներից մեկը լինի, իսկ այդ տեսանկյունից, ըստ նրա, ընտրությունը համապատասխանում է ժամանակի ոգուն:
Վարդան Խաչատրյանը նաև նշեց, որ սովորաբար՝ նման կրոնական կառույցներում քննարկվում են համայն մարդկությանը վերաբերող խնդիրներ, քանի որ «եկեղեցին հոգևորականը չի և ոչ էլ՝ քարե կառույց, այլ՝ ժողովուրդն է, որը եկել ու մտել է Աստծո տուն»:










