Գերմանիայի հերթական քաղաքը զրկել է Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից

10:58 • 05.11.13

Ադոլֆ Հիտլերի անունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից գրեթե 70 տարի անց հանվել է Գերմանիայի Կայզերսլաուտերն քաղաքի պատվավոր քաղաքացիների ցուցակից։ Համապատասխան որոշումը կայացվել է այսօր, քաղաքային վարչակազմի կողմից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նախորդ շաբաթ նման քայլ էր ձեռնարկել Գոսլար բնակավայրը։ Երկու դեպքում էլ Հիտլերին պատվավոր կոչումից զրկելն անվանել են ձևական և զուտ խորհրդանշական։

 

20-րդ դարի 30-40-ական թվականներին Գերմանիայում և Ավստրիայում մոտ 4 հազ. բնակավայր Հիտլերին դարձրել են իրենց պատվավոր քաղաքացի։ Պատերազմից հետո գրեթե բոլորը տարբեր տարիների հանել են նրա անունն այդ ցուցակներից։