Թուրքիայի Հանրապետության 90 տարին՝ Աթաթուրքից Էրդողան. գիտաժողով ԳԱԱ-ում
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Թուրքիայի Հանրապետության 90 տարին՝ Աթաթուրքից Էրդողան» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են արևելագետներ Հայաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից:
Նշենք, որ թուրք պատմաբաններից Գյուլհյուն Էրդողան Թոսունը, ով պետք է զեկույց ունենար «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը. պահպանողական-ժողովրդավարական հռետորաբանությունից՝ նեոազատական ավտորիատար գործունեություն: Մի քաղաքական պատրանքի պատմություն» խորագրով, վերջին պահին չէր եկել:
Ինչպես Tert.am –ի հետ զրույցում նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ թուրք գիտնականն էլեկտրոնային փոստով վերջին պահին տեղեկացրել է, որ անձնագրի հետ կապված խնդիրներ ունի և չի կարող ժամանել Հայաստան:
Գիտաժողովի մասնակիցների միջև բուռն բանավեճ ընթացավ այն դիտարկման շուրջ, թե Թուրքական Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը հիմնավորեց, որ Քեմալը երբեք չի դատապարատել Հայոց ցեղասպանությունը:
«Նա հայերի զանգվածային ոչնչացումը չի դատապարտել, նա ասում է, որ որոշ իթիհատական գործիչներ թույլ են տվել այնպիսի անկազմակերպվածություն, որի հետևանքով թուրքերին մտահոգում է, որ աշխարհով մեկ խայտառակ եղանք: Էստեղ պետք է զգալ նյուանսը, հակառակը, նա արդարացնում է թուրքերին»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Արևելագիտության ինտուտի աշխատակից Վահրամ Տեր-Մաթևոսյանը հանդես եկավ «Քեմալիզմ և ֆաշիզմ» զեկույցով՝ նշելով, որ այդ հարցը քիչ ուսումնասիրված թեմա է, միայն վերջին տարիներին է հետաքրքրություն ի հայտ եկել դրա նկատմամբ:
«Քեմալիզմն ունիվերսալ ֆաշիզմի մաս է, եթե ուզում ենք քեմալիզմը հասկանալ՝ որպես ֆաշիստական գաղափարախոսության տարատեսակ, պետք է համեմատություն անենք ո´չ թե իտալական ֆաշիզմի կամ՝ գերմանական նացիզմի հետ, այլ՝ դիտարկենք ըստ էության՝ ի՞նչ է այն իրենից ներկայացրել, ինչպիսի՞ կիրառություն է ունեցել, որո՞նք են դրա գաղափարախոսական ակունքները»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
«Թուրքիայի Հանրապետության նախընթացը, Մոսկվայի (1921 թ. ) և Կարսի (1921 թ.) պայմանագրերի կարգավիճակն՝ ըստ միջազգային իրավունքի» թեմայով զեկույց կարդաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
Tert.am –ի հետ զրույցում Արա Պապյանը նշեց, որ միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար չափանիշների համաձայն՝ պայմանագիր կոչվում է այն փաստաթուղթը, որը կնքված է պետությունների միջև և կառավարվում է միջազգային իրավունքով:
«Այդ ժամանակ պայմանագիր կնքած երկրներն իրենց կարգավիճակով պետություն չէին ո՛չ Մոսկվայի, և ո՛չ էլ՝ Կարսի պարագայում: 1921 թվականին Թուրքիան՝ որպես պետություն, կար, բայց քեմալականները պետություն չէին ներկայացնում, ապստամբական շարժում էին, հետևաբար՝ չէին կարող պետության անունից միջպետական պայմանագիր ստորագրել»,- Tert.am –ին ասաց Արա Պապյանը:
Ըստ նրա՝ այս չափանիշները վերաբերում են նաև Բոլշևիկյան Ռուսաստանին և Խորհդային Հայաստանին, քանի որ Բոլշևիկյան Ռուսաստանն սկսել է ճանաչվել որպես օրինական իշխանություն միայն 1924 թվականից:
Հիշեցնենք, որ Կարսի պայմանագրով, Թուրքիային են անցել Կարսի մարզը՝ գրեթե ամբողջությամբ, և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում՝ Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։
Դրա տակ տակ մի կողմից՝ ստորագրել են Թուրքիան, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչները՝ բոլշևիկյան Ռուսաստանի մասնակցությամբ։










