Կոսովոյի կառավարության անդամն առաջին անգամ այցելել է Սերբիա
Կոսովոյի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Վլորա Չիտակուն այցելել է Սերբիայի հարավ, որտեղ հանդիպել է այնտեղ բնակվող ալբանացիների հետ, հաղորդում է ria.ru-ն:
Չիտակուն այցելել է Սերբիայի և Կոսովոյի վարչական սահմանի մոտ գտնվող Պրեշևոյի քաղաքային խորհուրդ, որտեղ քննարկել է համերկրացիների հարաբերությունները տեղի ղեկավար Ռագմի Մուստաֆայի հետ և այցելել է դպրոցներից մեկը՝ աշակերտներին դասագրքեր նվիրելու համար:
Չիտակուի այցը դարձել է Կոսովոյի կառավարության անդամի՝ Սերբիա կատարած առաջին պաշտոնական այցը՝ 2008 թվականի փետրվարին անկախության հռչակումից ի վեր:
Ինչպես նշում են սերբական ԶԼՄ-ները, Չիտակուն մեկնաբանություններ չի տվել լրագրողներին և տեղաշարժվել է ԵՄ գրանցման նշաններով մեքենայով:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ աննախադեպ քայլին սերբերը համաձայնություն են տվել՝ ընդառաջ գնալով Կոսովոյի ալբանական իշխանությունների գործողություններին, որոնք նոյեմբերի 3-ին տեղական ընտրությունների նախօրեին Կոսովո են թույլ տվել մտնել սերբական կառավարության ներկայացուցիչներին:










