Պայթյուններ, ռետինե մահակներ Մաշտոցի պողոտայում, ոստիկան է դանակահարվել (ուղիղ, տեսանյութեր, տարբերակ 5)

17:20 • 05.11.13

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը Մաշտոցի պողոտայում ռետինե մահակներով խոչընդոտել է Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթը դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:


Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում մի շարք քաղաքացիների, որոնք փայտերով հարվածում էին ոստիկաններին և մոլոտովյան կոկտեյլներ նետում։ 


Բերման ենթարկվածների շարքում է նաև Շանթ Հարությունյանը: Այժմ ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով մարդկանց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Մաշտոցի պողոտայում մարդկանց խցանում է առաջացել:


Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։


Նշենք, որ նախապես Շանթ Հարությունյանը հայտարել էր, որ մտադիր է վառվող բենզինի շշերով պայթեցնել ՀՀ նախագահի նստավայրը։


Այս պահին Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է։ 


17.35

 

Մաշտոցի պողոտա է ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրա ներկայութամբ ոստիկանները հրում են հավաքվածներին Մաշտոցի պողոտայից դեպի Ազատության հրապարակի տարածք: Ոստիկանության և քաղաքացիների միջև հրմշտոցը շարունակվում է:



   18:22

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ներկաներին հորդորում էր, որ գնան Ազատության հրապարակից, ինչին ի պատասխան ներկաները արձագանքեցին, թե հասարակական վայրում են, ինչին ի պատասխան փոխոստիկանապետը հայտարարեց, թե հասարակական վայրում ոստիկան չեն դանակահարում, ոստիկանի վրա բենզինով շիշ չեն նետում։ Հունան Պողոսյանը կրկնեց, թե գործողությունների արդյունքում ոստիկան է դանակահարվել, և նշեց, որ դրա մասին ավելի ուշ հաղորդագրություն կտրվի։

 


18:32

Ոստիկանները քիչ առաջ առգրավվել են Ազատության հրապարակում նստացույցի համար նախատեսված Շանթ Հարությունյանի իրերը՝ ծածկոցներ, բարձ և այլն։ Այն պահին, երբ ոստիկանները առգրավում էին Շանթ Հարությունյանի իրերը, քաղաքացիները դժգոհության ալիք բարձրացրին և սուլոցներով ու վանկարկումներով կոչ արեցին թույլ չտալ ոստիկաններին տանել դրանք, ինչին սակայն ոստիկանները չպատասխանեցին և ուժով իրերը մեքենայի մեջ լցրեցին։
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, թե բերման են ենթարկել բոլոր նրանց, որոնց մոտ ագրեսիա է նկատվել։


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հուշելով, թե հարցերի համար դիմեն լրատվական ծառայությանը։ Իսկ հարցին, թե ինչու է Մաշտոցի պողոտան շարունակվում փակ մնալ, նշեց, որ օպերատիվ գործողություններ են տարվում դրա համար փողոցը փակ է։


Ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը Tert.am-ին ասաց, որ շուրջ 20 քաղաքացու արդեն բերման են ենթարկել։ Ըստ նրա, տեղի ունեցածը ոստիկանների կողմից կազմակերպված լավ սադրանք էր։ «Հակառակ դեպքում ի՞նչ գործ ունեն 500-ից ավելի ոստիկաններ Երևանի կենտրոնում»,- հարցրեց նա։


Նա նաև ասաց, որ ոչ ոք չգիտի, թե այդ պայթուցիկ նյութերն ովքեր են նետել և չբացառեց, որ հենց ոստիկաններն էլ արել են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


Լուսանկարները՝ Վրեժ Զատիկյանի ֆեյսբուքյան էջից