Փոթիում ռուսական դրոշ են այրել

10:43 • 05.11.13

Վրացական Փոթի քաղաքի բնակիչները բուռն են արձագանքել քաղաքի կենտրոնում ռուսական դրոշ կախելուն։


Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, հաղորդվում է, որ Փոթիի Ագմաշենեբելի փողոցում տեղի բնակիչները հանել են ռուսական դրոշն ու այրել։


Դրոշները տեղադրվել էին երեկոյան՝ երաժշտական միջազգային փառատոնի մասնակից երկրների դրոշների հետ։ Սակայն Փոթիի քաղաքապետ Դավիդ Սարանիան հայտարարել է, որ Ռուսաստանը փառատոնին հրավիրված չի եղել։
 

«Ինչպես ինձ հաջողվեց ճշտել, Ռուսաստանը հրավիրված չի եղել փառատոնին, և նրանք իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու։ Ես արդեն հրահանգել եմ մեկ ժամում հանել առհասարակ բոլոր դրոշները»,-հայտարարել է Սարանիան։

 

Աղբյուրը նշում է, որ 2008թ.-ին ռուս-վրացական պատերազմի տարիներին ռուսական զորքերը մտել են Փոթի։ Այնտեղ ռուսական հատուկջոկատայինները ոչնչացրել են վրացական առափնյա պաշտպանության նավակները, իսկ դրանց մի մասը տարել՝ որպես ավար։ Մի քանի ականներ վնասներ էին հասցրել Փոթիին։