Տոկիոն և Սեուլը բացատրություն են պահանջում ԱՄՆ-ից
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան այսօր իր վրդովմունքն է հայտնել այն լուրերի առիթով, որոնց համաձայն ԱՄՆ-ն այդ երկրի տարածքում տեղեկատվության ապօրինի հավաքագրում է կատարել՝ դիմելով նաև գաղտնալսման, հայտնում է RT-ն:
Նախարարն ասել է, որ ցանկալի չեն թվում գործողությունները, որոնք խարխլում են վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունները:
Միևնույն ժամանակ նույն հարցով ԱՄՆ-ից երկրորդ անգամ բացատրություն է պահանջել Սեուլը. ըստ ԶԼՄ-ների` Հարավային Կորեան այն երկրների ցանկում է, որի ղեկավարներին և դեսպանատները գաղտնալսել են ամերիկացիները: ԱՄՆ-ին այս դեպքում հետաքրքրել են մասնավորապես արտաքին հետախուզությունը և հակահետախուզությունը:
Այսօր The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտնել էր, որ Ճապոնիան ևս գտնվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից գաղտնալսվող երկրների շարքում:










