Վարդան Ղուկասյանն առաջիկայում հանդես կգա գյումրեցիների բարեկեցությանն ուղղված ծրագրերով. Խոսնակ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղված է իր առօրյա աշխատանքով, և առաջիկայում նրա կողմից շատ հետաքրքիր ծրագիր կիրականացվի, որը միտված կլինի գյումրեցիների բարեկեցության խթանմանը և աշխատատեղերի խնդիրը փոքր-ինչ մեղմելուն: Այս մասին Tert.am-ին փոխանցեց նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են գաղափարների վրա, և կան գաղափարներ՝ աշխատատեղերի ստեղծման մասին և բավականին հետաքրքիր այլ բաներ, որոնք կյանքի են կոչվում, առաջիկայում կիմանաք»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանը նոր քաղաքապետարան է հիմնել Գյումրիում՝ խոսնակը մեկնաբանեց, թե դա նոր ինֆորմացիա չէ, ուղղակի մամուլը որոշել է թարմացնել այդ բամբասանքը:
«Ես ասել եմ, որ ուղղակի ապշեցնող է, թե ինչի՞ համար են տարածում նման տեղեկություն Վարդան Ղուկասյանի մասին: Բնականաբար, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նա կառուցել է քաղաքապետարանի շենք և 1999թ.-ից իր աշխատանքով իրականացրել քաղաքի կառավարումը, և ես չգիտեմ, թե որ քաղաքապետարանի մասին է խոսքը, որ տարածում են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը:
Հիշեցնենք, որ ըստ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են նոր բացված քաղաքապետարան աշխատանքի, գնում ընդմիջման, մնում մինչև աշխատանքային օրվա ավարտը և ստանում են 50-60 հազար դրամ ամսական աշխատավարձ:
«Այո, 1999թ.-ից Վարդան Ղուկասյանը կայացրել է տեղական ինքնակառավարումը և բարձրացրել Գյումրու քաղաքապետարանի վարկանիշը, դա տեսանելի է»,-ասաց Լիլիթ Աղեկյանը՝ ավելացնելով, որ հրաշք քաղաքապետարան է հիմնված շենքային առումով, և գոնե իրենց ժամանակ նորմալ աշխատում էր:
Վարդան Ղուկասյանի կողմից նոր քաղաքապետարանի հիմնման վերաբերյալ Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը Tert.am-ին ասաց, որ այդ մասին տեղեկություններ չունեն և չեն կարող մեկնաբանել:










