Ամերիկային է մոտենում «աղբե կղզին»
Գիտնականների մոտավոր հաշվարկներով՝ ամերիկյան Տեխաս նահանգի տարածքին հավասար արհեստական կղզին (700 հազ. ք/կմ), որը բաղկացած է միայն աղբից և կշռում է առնվազն միլիոն տոննա, մոտենում է ԱՄՆ-ի արևմտյան ափին, գրում է «Комсомольская правда»-ն։
Ամբողջ աղբն այժմ գտնվում է Հավայան կղզիների և Կալիֆոռնիայի արանքում։
Fox News լրատվական գործակալությունն այն անվանել է «թունավոր հրեշ»։ Մինչդեռ Խաղաղ օվկիանոսում, ըստ գիտնականների, ևս մի քանի միլիոն տոննա աղբ կա։
«Աղբե կղզին» պարունակում է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ՝ նավակներ, տներ, էլեկտրական սարքեր և շատ այլ իրեր։ Այս ամենն օվկիանոսում է հայտնվել Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերից՝ 2011թ. մարտի ավերիչ երկրաշարժից և ցունամիներից հետո։
Գիտնականները հետևում են «աղբե կղզուն», սակայն զգուշացնում են, որ այն իրեն շատ անկանխատեսելի է պահում և կարող է մոտակա մի քանի տարիներին հայտնվել ԱՄՆ-ի ցանկացած արևմտյան նահանգի ափին՝ Ալյասկայի և Կալիֆոռնիայի միջև ցանկացած վայրում։
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության գնահատականներով՝ ցունամին Խաղաղ օվկիանոս է տարել մոտ 5 մլն տոննա աղբ։ Սակայն նրանք կարծում են, որ օվկիանոս է ընկել աղբի ոչ ավելի քան 30%-ը։










