Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը կնպաստի գործարար կապերի հաստատմանը և խորացմանը. Արտակ Զաքարյան

09:09 • 06.11.13

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՄՄ-ին անդամակցելու ժամկետներին, Երևանում հիմնադրվելիք Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատի և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի ստեղծման մասին խոսակցություններին, ինչպես նաև Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հավանական փաստաթղթի ստորագրմանը:

 

- Մամուլով հաղորդվեց, որ ՌԴ-ից Հայաստան ժամանող մոտ 500 գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորումի ընթացքում ձևավորվելու է նաև Երևանում հիմնադրվելիք Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը։ Ձեզ՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ի՞նչ է հայտնի՝ պալատը երբվանի՞ց է գործելու, ի՞նչ հիմունքներով, ֆինանսավորվելո՞ւ է պետբյուջեից: Պալատի նախագահի ի՞նչ հնարավոր թեկնածություններ կան, նրանց ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմն է առաջարկելու, միգուցե գործի համանախագահնե՞րի ինստիտուտը: Որո՞նք են լինելու պալատի գործունեության նպատակները:


- Պալատի ձևավորման գաղափարը ուղղված է առաջին հերթին գործարար կապերի հաստատմանը, խորացմանը և ընդլայնմանը: Սա նորություն կամ նորույթ չէ, համատեղ առևտրաարդյունաբերական պալատները գործում են տարբեր երկրներում, և նրանք ունեն իրենց հստակ օրակարգն ու նպատակները: Դա լինելու է մասնավոր կառույց և, հետևաբար, դրա կազմավորման, ֆինանսավորման, կադրային հարցերը պետք է համաձայնեցվեն հիմնադիրների կողմից:


- Ժամանակին խոսք էր գնում Հայաստանում ռուսական գիմնազիաներ հիմնելու մասին: ՌԴ-Հայաստան ի՞նչ կրթական պայմանագրեր են սպասվում:


- Նախ պետք է ճշտել, թե ինչ եք հասկանում ռուսական գիմնազիա ասելով: Մենք ունենք համապատասխան օրենսդրություն կրթության ոլորտի վերաբերյալ, որով և պետք է առաջնորդվենք: Եթե կլինեն ներդրողներ, որոնք կկարողանան ապահովել մեր օրենսդրությանը համահունչ այլ լեզուներով որակյալ կրթություն Հայաստանում, կարծում եմ նման նախաձեռնությունները պետք է ընկալելի լինեն: Դուք տեղյակ եք, որ Հայաստանում ամենահեղինակավոր և որակյալ ԲՈՒՀ-երից մեկը Հայ-ռուսական սլավոնական համալսարանն է, շուտով բացվելու է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, որը ևս, կարծում եմ, որակյալ կադրեր կպատրաստի:

 

- Սեմինարներից մեկի ժամանակ առաջարկ հնչեց՝ ձևավորել Եվրասիական ինտեգրման հանձնաժողով՝ ի հակադրություն Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի: Սա հնարավո՞ր եք համարում՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ նախատեսված է 12 հանձնաժողով, և արդյոք այդ դեպքում հնարավոր չէ՞ ձևավորել ժամանակավոր հանձնաժողով:

 

- Այս հարցում պետք է առաջնորդվել ԱԺ կանոնակարգ-օրենքով, որտեղ ամրագրված են ԱԺ լիազորությունները` հանձնաժողովների կազմավորման, նրանց անվանումների ու գործառույթների մասով: Եթե առաջարկություններ լինեն փոփոխությունների մասին, ապա դա ենթադրում է հրապարակային գործընթաց: Այսօր ԱԺ-ում նման առաջարկություններ և քննարկումներ չկան և առաջիկայում կարծես թե չեն սպասվում: Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ ԱԺ-ի որևէ մարմնի գործունեությունը, ինչպես Դուք եք նշել Ձեր հարցում, չի կարող հակադրվել իր մեկ այլ մարմնի գործունեությանը:

 

- ՀՀ իշխանություններին հայտնի՞ են հստակ ժամկետներ, թե Հայաստանը երբ պետք է դառնա ՄՄ 4-րդ անդամը, ինչը, ինչպես հաղորդվել էր մամուլում, ՀՀ իշխանությունների համար սկզբունքային է:

 

- Մաքսային միությանն անդամակցության գործընթացը ենթադրում է որոշակի իրավական ընթացակարգ թե՛ ՄՄ-ի անդամ երկրներում, թե՛ մեզ մոտ: ՄՄ-ին լիարժեք անդամակցությունը տեղի կունենա այդ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, որոնց ժամկետները սահմանելն այս պահին իրատեսական չէ: Նշեմ նաև, որ այդ ուղղությամբ մենք մեծածավալ աշխատանք պետք է իրականացնենք, և կարծում եմ, որ անդամակցության համար նախատեսվող ճանապարհը պետք է փորձենք անցնել հնարավորինս արագ:

 

- Միլան Ցաբրնոխի և ԵՄ պաշտոնյաների այցերից հետո պաշտոնական լրատվությունից զատ, որ փորձում են հասկանալ, թե ԵՄ-ն ու Հայաստանը ինչ կարող են անել Վիլնյուսից առաջ կամ հետո, նշվում էր, որ պաշտոնյաները այստեղ են՝ Հայաստանում, այդ պատասխանները գտնելու համար: Մեզ հետ զրույցում մի պատգամավոր, որը ցանկացավ մնալ անանուն, նշեց, թե այդ խոսակցությունը չի ստացվում այն առումով, որ մերոնց հարցնում են՝ «Դուք ի՞նչ եք ուզում», մենք ասում ենք՝ «Փաստաթուղթ, որը սակայն չի հակասի ՄՄ-ին», բայց կոնկրետ ոչինչ չի նշվում: Կցանկանա՞ք այս տեղեկատվությունը մեկնաբանել, և մյուս կողմից էլ Ձեզ հայտնի՞ է, այս իմաստով կողմերը մինչև Վիլնյուս ինչ-որ ընդհանուր հայտարարի եկե՞լ են:

 

- Ձեր հիշատակած անանուն պատգամավորը, իմ խորհրդարանական գործընկերը (խորին հարգանքով) ենթադրում եմ, որ պետք է տեղեկացված լինի մեր երկրի հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ. այն է՝ շարունակել համակողմանի և հնարավորինս խորը համագործակցությունը ԵՄ հետ` պահպանելով ու զարգացնելով մեր ձեռքբերումներն ու հանձնառությունները: ԵՄ-ի հետ ժողովրդավարական հաստատությունների զարգացման, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ամրապնդման, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական, կրթա-մշակութային և այլ հումանիտար ուղղություններով գործակցություն է իրականացվելու: Բնականաբար այս խնդիրները չեն կարող հակասել Մաքսային միությանն անդամակցության տնտեսական, ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական, էներգետիկ, կոմունիկացիոն և այլ բաղադրիչներին` որոնք որ կլինեն Մաքսային միության օրակարգերում: Միաժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ժամանակակից աշխարհի և գլոբալ անվտանգության առջև կանգնած մարտահրավերները: Կարծում եմ, սրանից պարզ ու հստակ ձևակերպում դժվար է գտնել: Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթնաժողովին, ապա շուրջ քսան օր է մնացել, տարվում են համապատասխան աշխատանքներ, և կարծում եմ, որ արդյունքները կլինեն երկուստեք ընկալելի և ընդունելի:

 

-Ձեր կարծիքով, ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսից առաջ և հետո, և արդյոք կստորագրվի՞:

 

- Դուք փորձում եք նույն հարցը մեկ այլ ձևով տալ, ես էլ, ընդառաջելով Ձեզ, ասեմ, որ և՛ ԵՄ կողմից, և՛ ՀՀ կողմից առկա է երկկողմ պատրաստակամություն շարունակելու կառուցել, զարգացնել մեր հարաբերությունների ձեռք բերված արդյունքների հիման վրա և հենց այդ պատրաստակամության հիման վրա էլ մենք գնալու ենք առաջ: