Բակո Սահակյանը ձմեռային զորակոչի հրամանագիր է ստորագրել

13:23 • 06.11.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։


Ըստ հրամանագրի` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:


Հրամանագրի համաձայն` 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:


Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: