Ցանկացած հայի հեռանալը հայրենիքից, իհարկե, սթափեցնող է. Գագիկ Մինասյանը՝ արտագաղթի նոր թվերի մասին (տեսանյութ)
Ցանկացած հայի հեռանալը հայրենիքից, իհարկե, սթափեցնող է: Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե արդյո՞ք արտագաղթի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության նոր տվյալները սթափեցնող չեն, այսօր կայացած ասուլիսին ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1 118 693 մարդ, ժամանել՝ 996 492 մարդ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանից անվերադարձ մեկնել է 122 000 հոգի:
«Արտագաղթը մեր և՝ ոչ միայն մեր երկրի հիմնական մարտահրավերն է: Վերջերս մասնակցել եմ Վրաստանի ընտրություններին, եղել եմ Էստոնիայում և Լատվիայում, և այդ երկրներում ևս արտագաղթը չափազանց մեծ ծավալների է հասել, կարծեք թե՝ հետխորհրդային երկրներում արտագաղթի դեմ որևէ գործող մեխանիզմ դեռևս չկա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մարդիկ նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ ավելի բարձր կվարձատրվեն և ավելի բարեկեցիկ կյանքով կապրեն:
Պատգամավորի խոսքով՝ մեր երկրում ևս այդ խնդիրն առկա է, և իշխանությունների առաջ քաշած ծրագրերը պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի այդ ծավալները մեղմվեն:
Անդրադառնալով գործազրկության նպաստների կրճատմանը՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Գործազրկության նպաստից զրկելու հարցը քննարկվում է, հաճախ նաև՝ շահարկվում: Պետք է հասկանալ՝ ի՞նչ նպատակով էին այդ գումարները տրվում, և արդյո՞ք դրանք նպատակին են ծառայել, ծրագրի արդյունավետությունը բավական ցածր է, ընդամենը՝ 6%:










