Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք

11:35 • 06.11.13

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, որն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։ 


Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։


2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։


Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։

 

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերանորոգումը։

 

Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինների վերանորոգման, ինչպես նաև գիտաժողովների և համագումարների անցկացման համար նախատեսված դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Վերջինս կհագեցվի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։



Քննարկվել է ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվել է, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։