Հրվ. Կորեայի հետախուզական ծառայությունում փակվել է Հյուսիսի դեմ հոգեբանական պատերազմի խումբը

09:58 • 06.11.13

Սեուլում որոշում է կայացվել ցրել Ազգային հետախուզական ծառայության խումբը, որը ղեկավարում էր Հյուսիսի դեմ հոգեբանական պատերազմը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ քայլն արվել է մեծ սկանդալի ֆոնին, որն առաջացել էր Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Նամ Չժե Չժունի կողմից անցած տարվա նախագահական ընտրությունների գործընթացին հնարավոր միջամտության պատճառով: Ընտրություններում հաղթել էր Պակ Կըն Հեն, որը ներկայացնում էր պահպանողական «Սենուրի» կուսակցությունը:

 

Բացի այդ, արդեն երկար ժամանակ իշխանական օղակներում խոսում են այն մասին, որ անկախ ընտրությունների գործընթացին միջամտելու փաստից, այդ կազմակերպությունը պետք է վերափոխվի, առաջին հերթին՝ Հյուսիսային Կորեայի կողմից կիբերհարձակումները չեզոքացնելու համար: Այդ նպատակով նախատեսվում է հոգեբանական խումբը վերափոխել գիտության և տեղեկատվության վարչության: