Կորյուն Նահապետյանը լավատես է և շարունակում է մնալ այն համոզմանը, որ Հայաստանը ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ կստորագրի
Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը լավատես է՝ չնայած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հայտարարությանը, թե՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջև Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: Նա շարունակում է նույն համոզմանը մնալ, որ որևէ փաստաթուղթ, այդուհանդերձ, կստորագրվի։
«Ես նախորդ անգամ էլ նշեցի, թե կդժվարանամ ասել, թե ինչ բովանդակություն կունենա փաստաթուղթը, բայց այն ժամանակ բավարար հիմքեր ունեինք հայտարարելու, որ որևէ փաստաթուղթ ստորագրվելու է։ Հիմա էլ՝ այդ հայտարարությունից հետո էլ, կարծում եմ՝ դա դեռ չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրում չի լինելու։ Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենալ, որ եվրոպական կողմը չի ներկայացնում միայն Լիտվայի նախագահությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ եթե նախկինում ինչ-որ հիմքեր կային, գուցե հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր օր կարող է բան փոխվել, և որքան մոտենա վիլնյուսյան գագաթնաժողովի օրը, այնքան տարատեսակ զարգացումներ կարող են լինել։ Յուրաքանչյուր պահի քաղաքականության մեջ փոփոխություն կարող է կատարվել։ Առաջիկայում տարբեր երկրների ներկայացուցիչներ եվրոպական կողմից կարող են տարբեր հայտարարություներ անել, դրանք կարող են անգամ իրարամերժ լինել»,-ասաց նա։
Հարցին, թե՝ գուցե ՀՀԿ-ական պատգամավորի նշած փաստաթուղթն ամփոփիչ հռչակագրում Հայաստանը հիշատակելու մասի՞ն է, ինչի մասին խոսել էր Լիտվայի նախագահը, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ այլ ծրագրի և այլ բովանադակության փաստաթուղթ։ Այս դեպքում եկեք ենթադրություններ չանենք, որովհետև զարգացումները ցույց կտան, թե ի վերջո՝ ինչպիսի փաստաթուղթ կստորագրվի։ Համենայն դեպս՝ տեղի չեն ունեցել արմատական փոփոխություներ, որ փաստաթուղթը չստորագվի»,-ասաց նա։










