Վանո Մերաբիշվիլին ներողություն է խնդրել ոստիկաններից, որ չի կարողացել պաշտպանել նրանց
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ներողություն է խնդրել ոստիկաններից։ Նրա խոսքով, երբ բազմաթիվ ոստիկանների դեմ քրեական գործեր են հարուցվել, շատերն էլ ճնշումների են ենթարկվում, նա շնորհակալ է ճակատագրին, որ պատիվ ունի այժմ նրանց հետ լինելու, անգամ մեղադրյալի աթոռին, տեղեկացնում է Грузия online-ը։
Մերաբիշվիլին պնդել է, որ ռուսական գլխավոր հետախուզական վարչությունը բավական բարձր պարգև էր խոստացել երկու կոնկրետ ոստիկանների ձերբակալելու կամ ոչնչացնելու համար։ Նրանք եղել են Զուգդիդիի շրջանի ոստիկանության ղեկավարներից Դմիտրի Կորձաձեն և Ռոման Շամատավան, որոնց հետ նախարարն աշխատել է համակարգում։
«Ես չկարողացա պաշտպանել Դմիտրի Կորձաձեին վրացական կրիմինալից, որը նրան պայթեցրեց 2010թ.-ին՝ ռուսական փողերի համար։ Ներողություն եմ խնդրում նրա ընտանիքից, որ չկարողացա պաշտպանել նրան»,-ասել է նա։
Նա ներողություն է խնդրել նաև Ռոման Շամատավայից, որն այժմ «անարդարացիորեն բանտարկված է»։
«Ամենից շատ ես ցավում եմ, որ իմ պաշտոնավարման տարիներին ծառայության ընթացքում զոհվել է 40 ոստիկան։ Ցավում եմ, որ չկարողացա պաշտպանել նրանց»,-ասել է Մերաբիշվիլին։










