Անթույլատրելի է ԼՂ խնդրի կարգավորումը կապել ՄՄ անդամակցության հետ. Նիկոլայ Ռիժկով
ՌԴ դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն անթույլատրելի է համարում Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կապելը Մաքսային միության անդամակցության հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ այս տարի, ոչ էլ՝ միգուցե հաջորդ տարի, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը։
«Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, ինչի՞ է նա խառնվում այլ պետության գործերին: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ Ղարաբաղի հարցը երկար է, դա այսօրվա կամ վաղվա խնդիր չէ, ես չգիտեմ, երբ այն կլուծվի: Դուք ինձնից լավ գիտեք իրավիճակը: Դրա համար, եթե նման կերպ հարցը դիտարկենք, սա նշանակում է, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը, այսքանը: Ու ընդհանրապես Լուկաշենկոն առողջ մտածող մարդ է, թե ինչպե՞ս է հասել սրան, ես չեմ հասկանում»,-նշեց նա։
Ռիժկովը նաև այն տեսակետին չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի բացակայությունը խոչընդոտ կհանդիսանա Հայաստանի՝ ՄՄ-ի հետ անդամակցությանը։
«Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ինչ անե՞լ: Չենք կարող չէ՞ ծովը դեպի ձեզ բերել: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք»,-նշեց նա:










