Ահա այսպես է ապրում Էդվարդ Սնոուդենը. L'Espresso-ի անդրադարձը
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին ղեկավար Թոմաս Դրեյքը պատմել է Մոսկվայում մի մարդու հետ ունեցած զրույցի մասին, ով բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումների սկանդալը։
«Այժմ Էդվարդ Սնոուդենն ապրում է վախի մեջ, սակայն հայտարարում է. «Ես չեմ հանձնվի»»,-գրում է Ստեֆանյա Մաուրիցին՝ L'Espresso թերթում տպագրված հոդվածում։
«Էդվարդ Սնոուդենն անում է հնարավորը, որպեսզի ապրի նորմալ կյանքով, որքանով որ դա հնարավոր է, հաշվի առնելով այն ոչ սովորական իրավիճակը, որում նա հայտնվել է։ Նա շատ երախտապարտ է Ռուսաստանին՝ իրեն ժամանակավոր քաղաքական ապաստան տալու համար։ Նա չի նստում տանը, չնայած անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ հայտնի է, որ ամերիկյան գործակալները փորձում են պարզել, թե որտեղ է բնակվում նա»,-ասում է Թոմաս Դրեյքը՝ այն փոքրաթիվ մարդկանցից մեկն աշխարհում, որին հաջողվել է հանդիպել Սնոուդենի հետ։
Դրեյքը, ըստ թերթի, սովորական այցելու չէ. մինչև 2008թ.-ը նա եղել է ԱԱԳ-ի ղեկավարներից մեկը։ Նրա աչքի առաջ է ստեղծվել գաղտնալսման ցանցը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ «Եվ երբ նա փորձեց հայտարարել չարաշահումների մասին, Սնոուդենի նման մեղադրվեց լրտեսության համար։ Այդ մեղադրանքն ավելի ուշ հանվեց, սակայն դա նրան սնանկացման հասցրեց։ Նա այժմ ստիպված է վաճառող աշխատել Apple store-ում»,-գրում է հոդվածագիրը։
Դրեյքը երկու շաբաթ առաջ հանդիպել է Սնոուդենին։
«Սնոուդենը տեղեկացված է իր բացահայտումների վերաբերյալ Միացյալ Նահանգների և աշխարհի արձագանքի մասին։ Նա հումորի լավ զգացում ունի, և մեր զրույցներում մենք քննարկել ենք տարբեր հարցեր։ Նա դեռ կենտրոնացած է բարեփոխումների իրականացման վրա՝ հետապնդումների ծավալներն ու քաղաքացիների անձնական կյանքի, իրավունքների և անձնական ազատությունների սպառնալիքները նվազեցնելու նպատակով»,-պատմում է Դրեյքը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Սնոուդենն «աղբյուր» չի՞ դարձել՝ հայտնվելով ռուսների ձեռքում, նախկին պաշտոնյան ասել է. «Չկա որևէ ապացույց, որ նա աղբյուր է դարձել»։
Նա Սնոուդենի արարքը դիտարկում է որպես «քաղաքացիական անհնազանդության համարձակ ակտ»։ Սնոուդենը խիզախություն է ցուցաբերել՝ հրապարակելով փաստեր։
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է նրան հետ ստանալ ամենավատ մեթոդներով։ Դեռ Ռուսաստանը նրա համար ամենաապահով տեղն է։ Գործող վարչակազմի, գործող ռեժիմի պայմաններում Սնոուդենը ողջ-առողջ ԱՄՆ վերադառնալու հնարավորություն չունի»,-ասել է Դրեյքը։










