Մաքսային միությունը հայկական տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան է». Տիգրան Սարգսյան

12:49 • 06.11.13

Մաքսային միությունը հայկական տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան է»։ Այս մասին ասել է  Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական segodnya.ua-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հայաստանը որոշել անդամակցել Մաքսային միությանը։

 

Նա նշել է, որ երկարատև բանակցություններն ու ուսումնասիրությունները բարեհաջող են ավարտվել, և ՀՀ-ն հնարավորություն է ստացել ՄՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

 

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հարց էր, որը լուրջ հետազոտություն էր պահանջում։  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է և ներդրողը, իսկ Հայաստանում պատրաստվող արտադրանքը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում։ Եվ ակնհայտ է, որ եվրասիական տարածաշրջանի գործընթացներից մեկուսացումը կհանգեցնի մրցունակության կորստի, ավելին, կարող է մեր համագործակցության որոշակի սահմանափակումների առաջացման պատճառ դառնալ, ինչը կխոչընդոտի մեր ռազմավարական, գործընկերային հարաբերություններին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում»,-ասել է ՀՀ վարչապետը։

 

Ըստ նրա՝ հետխորհրդային տարածքում փոխհարաբերություններում «սառեցվել» է հսկայական պոտենցիալ, և հայկական ձեռնարկությունները հետաքրքրված են նրանում, որ ՄՄ-ի շուկան Հայաստանի համար առավելագույնս հասանելի լինի։

 

«ՄՄ-ի երկրների հետ ինտեգրման բարձր մակարդակը, այդ թվում՝ առևտրում տեխնիկական արգելքների վերացումը, իհարկե, կխթանի տնտեսական աճը Հայաստանում։ Սակայն կան նաև որոշակի ռիսկեր՝ ՄՄ-ում սակագներն ավելի քան կրկնակի բարձր են, քան մեր մաքսային տուրքերը 3-րդ երկրների հետ։ Մենք կբախվենք որոշակի դժվարությունների։ Սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը կշահի ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) անդամակցելու դեպքում»,- հավելել է Տիգրան Սարգսյանը։

 

Իսկ այն հարցին, թե Հայաստանը, ելնելով ՄՄ-ի նորմերից, սահմանափակումներ կմտցնի՞ ուկրաինական արտադրանքի հարցում, որը պատրաստվում է առաջիկայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, ՀՀ վարչապետն ասել է. «Մենք չունենք նման խնդիր և 3-րդ երկրների ապրանքների համար որևէ պատնեշներ սահմանելու նպատակ»։