«Շանթի հեղափոխության» օրը ձերբակալվածների հարազատները պահանջում են թափանցիկ հետաքննություն
Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ձերբակալվածներից երեք երիտասարդների հարազատները պահանջում են թափանցիկ հետաքննություն իրականացնել և իրենց տեղեկացնել հարազատների մասին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նրանք ներկայացրին, թե իրենց հարազատներն ինչպես են հայտնվել դեպքի վայրում՝ հայտարարելով, որ երեքն էլ տեղյակ չեն եղել, թե այնտեղ ինչ է կատարվում:
Ձերբակալվածներից մեկի՝ Արման Մխիթարյանի կինը՝ Սայիդա Պողոսյանն ասաց, որ բոլոր ձերբակալվածներն էլ բժշկական օգնության կարիք ունեն: Վերջինիս խոսքով՝ իրենք պահանջում են, որ քննիչներն ավելի ակտիվ լինեն, ընտանիքներին տեղեկություն տան, քանի որ մինչև հիմա որևէ կոնկրետ բան չգիտեն տղաների մասին:
«Եթե տղաները պատահաբար են հայտնվել, ծնողները կարող են միջամտել, բայց ոչ մի տեղեկություն չեն տալիս: Մեր պահանջն այն է, որ ավելի բացահայտ հետաքննություն վարվի և մեզ ասեն, թե ինչու են տղաները ձերբակալված, թող բարի գտնվեն՝ մեզ տեղեկություն տան»,-աաց նա և ավելացրեց, որ իր ամուսինն Ազատության հրապարակ է գնացել, քանի որ իր ընկերներն են եղել այնտեղ:
Վերջինիս խոսքով՝ այդ երեք տղաներն էլ ակտիվիստներ են՝ սկսած Թեղուտից և այլ պայքարներից:
Արմանի ընկեր Ավետիսյան Ավետիսի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը նույնպես ասաց, որ որդու մասին ոչինչ չգիտի, միայն տեսել է, որ նրան ձերբակալել են. «Ինքը չափահաս մարդ է, ես չեմ մտածել, որ ինքը կարող ա… Իր ձերբակալության մասին մենք տեղեկացանք ընկերների զանգից, իսկ ոստիկանությանը մեզ մոտ չէին թողնում»:
Երեք երիտասարդների ընկեր Մերի Սաֆարյանն ասաց, որ Արման Մխիթարյանի ձերբակալությունն աբսուրդ էր, քանի որ վերջինս այդ գործողություններին չի մասնակցել, նույնիսկ հեռու էր կանգնած:
«Մեր տղաները միշտ պատրաստ են ազգին ծառայելու, զուտ այդ նպատակներով գնացել էին, իսկ ես ինքս Շանթին չեմ ճանաչում: Սադրիչների մասին չգիտեմ, բայց տեսանյութերում պարզ երևում է ոստիկանների վերաբերմունքը: Իմ կարծիքով՝ նրանք կոնկրետ մարդկանց էին բռնում, ինձ մոտ այդ տպավորությունն էր, ակտիվ երիտասարդներին էին տանում, միգուցե նաև իրենց ակտիվությունը կանխելու համար են տարել»,-ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ միայն երեկ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր մտել Ավետիսի մոտ, Արմանի և Սևակի քննիչներն իրենք են կապվել ծնողների հետ, իսկ Ավետիսիս դեպքում չկա քննիչը, նույնիսկ չեն էլ կարողանում գտնել: Նրանք նաև Նիկոլ Փաշինյանից են տեղեկացել, որ Ավետիսը որոշել է հացադուլ անել:
Ձերբակալված Հայկ Հարությունյանի եղբայրն էլ ասաց, որ չգիտեն քննիչն ով է: «Էսօր ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ դա իր եղբոր՝ ոստիկանությունում հայտնվելու առաջին դեպքն էր:










