Տաջիկստանում իշխող կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի հաղթանակի մասին

09:11 • 07.11.13

Տաջիկստանում իշխող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հաշվարկներով` երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ քվեների 80%-ը ստացել է իրենց թեկնածուն՝ երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Կուսակցության մամուլի քարտուղար Ուսմոն Սոլիևի հավաստմամբ՝ դրանք այլընտրանքային հաշվարկի տվյալներն են, որոնք իրենց ներկայացուցիչներն արել են քվեարկության ընթացքում։

 

Նրա խոսքով՝ դրանք նախընտրական շտաբի նախնական տվյալներն են։ Պաշտոնական տվյալները երկրի ԿԸՀ-ն կհրապարակի այսօր՝ օրվա առաջին կեսին։

 

Երեկ Տաջիկստանում կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 80.3%-ը կամ 3 մլն 380 հազար 68 ընտրող։

Ընդհանուր առմամբ, Տաջիկստանում գործել է 3.158 ընտրատեղամաս։ Եվս 61 ընտրատեղամաս բաց է եղել արտերկրում, այդ թվում 24-ը՝ Ռուսաստանի տարածքում, որտեղ մեկ միլիոնից ավելի տաջիկ ներգաղթյալ կա։