Արգիշտի Կիվիրյանին այսօր կանչել են ՀՔԾ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ
Facebook-ում բացվել է «Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոքի» խումբ, որի էջում տեղեկացվում է, որ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին կանչել են ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակ առաջադրելու համար:
Խումբը հիշեցնում է, որ ներկա պահին Արգիշտի Կիվիրյանի դեմ կա չորս վարչական վարույթ և մեկ քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը: Եթե մինչ օրս Արգիշտին վերոհիշյալ գործով ներկայացել էր որպես վկա, ապա այսուհետ այլևս որպես կասկածյալ, քանի որ այսօր՝ նոյեմբերի 7-ին Արգիշտիին կանչել են ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակ առաջադրելու համար:
Ֆեյսբուքյան խումբը եզրակացնում է, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ ընթանում է ակնհայտ քաղաքական հետապնդում. «Ռեժիմի կողմից կա հստակ պատվեր ամեն ձևով խոչընդոտել Արգվիշտի Կիվիրյանի հասարակական և մասնագիտական գործունեությունը: Չորս վարչական վարույթներն էլ ակնհայտ կոպիտ խախտումներով են իրականացվել, այդ ընթացքում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, և ոչ մի քրեական գործ հարուցված չէ»:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հարուցվել էր Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ին տեղի ունեցած շինարարության դեմ բողոքի ակցիային հետևած միջադեպերի հետևանքով: Ըստ ֆեյսբուքյան խմբի՝ ոստիկանները, մեկուսացնելով Արգիշտիին ոստիկանական մեքենայում, դաժան ծեծի են ենթարկել նրան: Սակայն քրեական գործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ով բողոքել էր, թե Արգիշտի Կիվիրյանն է հայհոյել և հարվածներ հասցրել իրենց:
Խմբում տեղեկացվում է, որ 150-ից ավելի փաստաբան պատրաստակամություն է հայտնել միանալ ակցիային: Փաստաբանների պալատի անդամները 1000-ից ավելին են:
Այս դեպքերի առնչությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով հայտարարել է, թե Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն:










