Ոստիկանությունը մերկապարանոց է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Շանթը ծեծվել է ոստիկանապետի կողմից
Ոստիկանությունը մերկապարանոց է որակում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը Ոստիկանության կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից:
«Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ, ապա. «Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել»:
Նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամներ, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և, հետևաբար, անհնար է, որ որևէ մեկը չտեսներ, չլսեր, չարձագանքեր բռնություններին:
«Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…»,- ասվում է հայտարարության մեջ:
Հավելվում է, որ միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: Վերջինը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձերբակալված 20 անձանցից և ոչ մեկը «կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից»:
Ավելին՝ Սուրեն Իսկանդարյանը պատրաստ է դա պնդել 1 00 տոկոսով:
«Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ոք խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»: Ոչ ոք խնդիր չունի, բացի «ՀԺ»-ից, որն արդեն երկրորդ օրն է ստահոդ լուրեր է տարածում, թե Մաշտոցի պողոտայում կազմակերպված սադրանք է տեղի ունեցել: Գոնե վերջին երկու տարում Ոստիկանությունը ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, և հասարակությունն էլ հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը»,- հայտարարությունն ամփոփվում է կոչով՝ չդիմել «էժան և ի սկզբանե ձախողված միջոցների»:










