Սինգապուրն Anonymous-ի հաքերների «որս» է սկսում

10:44 • 07.11.13

Սինգապուրի իշխանությունները կներդնեն բոլոր ուժերը՝ Anonymous խմբի հաքերներին հետևելու և բռնելու համար, որոնք սպառնացել են երկրի կառավարությանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Լի Սյան Լունին։


«Տեղեկատվական տեխնոլոգիաները և ինտերնետը դարձել են մեր կյանքի և բիզնեսի անբաժան մասը։ Եվ եթե որևէ մեկը սպառնում է այդ համակարգը վնասել, մենք պետք է դրան ամենայն լրջությամբ վերաբերվենք, ներդնենք բոլոր ուժերը՝ մեղավորներին փնտրելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել է վարչապետը։

 

Նրա հայտարարությունն արձագանքն է Սինգապուրի կառավարության հասցեին Anonymous խմբի սպառնալիքներին, որը նոր կանոններ է ընդունել լրատվական կայքերի լիցենզավորման համար։

 

Հաքերները մեղադրել են Սինգապուրին խոսքի ազատության հանդեպ ոտնձգությունների համար։ Նախորդ շաբաթ YouTube կայքում հայտնվել էր անհայտ հաքերի հաղորդագրությունը, որը սպառնում էր կառավարությանը կիբերհարձակումներով։ Սակայն մինչ այժմ նրանք կարողացել են կոտրել միայն լրագրողներից մեկի բլոգը կառավարական թերթի կայքում։