Իսպանիայում ցլամարտը մշակութային ժառանգություն է ճանաչվել

15:59 • 07.11.13

Իսպանիայի սենատը չորեքշաբթի օրն ընդունել է օրենք, որով ցլամարտը ճանաչվում է երկրի մշակութային ժառանգություն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Սեպտեմբերին այն հավանության էր արժանացրել նաև Պատգամավորների կոնգրեսը՝ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը:

 

Օրենքի քննարկման հիմք են դարձել ցլամարտի կողմնակիցների 580 հազար ստորագրությունները՝ ի պաշտպանություն այդ «ժողովրդական տոնի», որը դարձել է Իսպանիայի այցեքարտերից մեկը:

 

Օրենքի համաձայն՝ ցլամարտը ճանաչվում է «ոչ նյութական մշակութային ժառանգություն», ինչը պարտավորեցնում է իշխանություններին պաշտպանել և աջակցել դրան:

 

Բացի այդ, Իսպանիայի կառավարությունը մտադիր է հասնել նրան, որպեսզի ՅՈւՆԵՍԿՕ-ն ցլամարտը համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչի:

 

Սենատի ընդունած որոշումն իսպանական հասարակության շրջանում սուր բանավեճերի առիթ է դառնալու: Իսպանիայում որոշ քաղաքական գործիչներ և մի շարք հասարակական կազմակերպություններ ցանկանում էին հասնել ցլամարտի արգելքի՝ համարելով դա «արյունոտ տեսարան, որը չի համապատասխանում էթիկայի և բարոյականության չափանիշներին»: