Կենսաթոշակները տրվում են յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը

11:43 • 07.11.13

Կենսաթոշակները, օգոստոս ամսին ընդունած որոշման հիման վրա, բաժանվում են յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը, թե այս ամիս կենսաթոշակների բաժանման հետ կապված, կարծես, խնդիրներ են եղել:


«Դեռևս օգոստոսին կոչ արեցինք, որ մեր քաղաքացիները կենսաթոշակներ ստանալու համար ամսվա առաջին և երկրորդ օրը չգնան փոստային բաժանմունքներ: Այս ամիս, թեև նոյեմբերի 5-ը երրորդ աշխատանքային օրն էր, բայց մենք նոյեմբերի 4-ից սկսեցին վճարել: Իսկ 2-ն ու 3-ը ոչ աշխատանքային օրեր էին»,- ասաց նա:


Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք տեխնիկապես հնարավոր չէ մեկ օր էլ շուտ վճարել կենսաթոշակները, ինչին նախարարը բացասական պատասխան տվեց:


«Մինչև ամսի 31-ը քաղաքացիների դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացվում: Այսինքն՝ մեկ աշխատանքային օր անհրաժեշտ է, որպեսզի տվյալները համակարգվեն: Այստեղ որևէ խնդիր չկա, ուղղակի քաղաքացիների տեղեկացվածությունը պետք է ավելացնենք, այսինքն՝ քաղաքացիներին ասենք, թե հաջորդ ամիս որ օրվանից կարող են ստանալ թոշակները»,- ասաց Արտեմ Ասատրյանը: