Ամերիկացիները Ռասպուտինի կյանքի մասին սերիալ կնկարահանեն
Ամերիկյան FX հեռուստաալիքը կզբաղվի Գրիգորի Ռասպուտինի կյանքի մասին սերիալի նկարահանման աշխատանքներով, գրում է Обозреватель-ը` վկայակոչելով УНН-ին:
«Ռասպուտին» անվանումով բազմասերիանոց ֆիլմի ռեժիսորը կլինի Շեքհար Կապուրը, սցենարը կգրի «Փախուստ» սերիալի ստեղծող Փոլ Շոյրինգը:
Հաղորդվում է, որ սցենարի համար հիմք կհանդիսանա պատմաբան Դուգլաս Սմիթի «Ռասպուտին. մութ ուժեր և Ռոմանովների անկումը» գիրքը, որը կհրատարակվի 2016-ին: Սմիթը հանդես կգա պատմական հարցերով ֆիլմի խորհրդական: Սերիալի էկրաններին հայտնվելու ամսաթիվը դեռևս չի նշվում:
Հիշեցնենք, որ Warner Bros. ստուդիան նույնպես սկսել է Ռասպուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ջեյսոն Հոլի սցենարով ֆիլմում գլխավոր դերը կկատարի Լեոնարդո Դի Կապրիոն: Ֆիլմի անվանումը և թողարկման ժամկետները դեռ չեն նշվում:










