Տարեց գերմանացին չի զիջի նացիստներից ժառանգած 1 մլրդ եվրո գնահատվող հավաքածուն
Գերմանացի թոշակառուն, որի բնակարանում խիստ արժեքավոր արվեստի գործերի հավաքածու էր հայտնաբերվել վերջերս, հրաժարվում է զիջել դա, հայտնում է France-Presse:
Խոսքը նացիստների առգրաված արվեստի գործերի հավաքածուի մասին է, որը գնահատվում է 1 մլրդ եվրո, սակայն մարդը` Կոռնելիուս Գուրլիթը Մյունխենից, ում բնակարանից հայտնաբերվել էր հավաքածուն, հրաժարվում է զիջել առանց պայքարի:
80-ամյա գերմանացին ասել է, որ իր հայրը արվեստի գործերի վաճառական է եղել և հավաքածուն ձեռք է բերել միանգամայն օրինական ճանապարհով: Ըստ այդմ էլ` նա իրեն համարում է հավաքածուի լիիրավ տերը:
Նա հույս է հայտնել, որ շուտով հետ կստանա իր հավաքածուն, որում Պիկասոյի, Շագալի, Ռենուարի, Դելակրուայի և այլոց գործեր կան:
Խիստ թանկ գտածոն հայտնաբերել է Գերմանիայի հարկային ծառայությունը. պաշտոնյաները գտել են 1500 նկար, որոնք նացիստները գողացել էին 1930-1940-ականներին, հայտնում է BBC-ն:
Նմուշների թվում են նաև Պիկասոյի, Շագալի, Մատիսի գործերը, իսկ հավաքածուի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն:
Հավաքածուն հայտնաբերված է եղել դեռևս 2011-ին, սակայն այդ մասին միայն նոյեմբերի 4-ին է հայտնի դարձել: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ արվեստի իրերի առքուվաճառքով զբաղվող Կորնելիուս Գուրլիթի որդուն սկսել են կասկածել հարկերից խուսափելու համար:
Հենց նրա Մյունխենի առանձնատանն էլ հայտնաբերվել է հավաքածուն: Դրա 200 գործեր 60 տարի շարունակ եղել են միջազգային հետախուզման մեջ:
Համարվում է, որ նացիստները Երկրորդ համաշխարհայինից առաջ և ընթացքում 16 000 արվեստի գործ են հափշտակել:










