Ես նույնիսկ կարող եմ հաճույքով sms անել իմ կրթության նախարարին. Տիգրան Ներսիսյանը՝ թատերական գործիչների համագումարին

15:33 • 18.11.13

Հայաստանի թատերական գործիչների միության՝ այսօր տեղի ունեցած 15-րդ համագումարում հնչած հիմնական դժգոհությունը վերաբերում էր «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի քննարկման ուշացմանը, ինչպես նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներում թատրոնի տոմսեր վաճառելու արգելքին:

 

«Համոզված եմ, որ իրենք չեն ուզում, որ այդ օրենքը լինի, որովհետև իրենք մեզ բանի տեղ չեն դնում. ով չի դնում, ում չի դնում, ինչի չի դնում, ինձ չի հետաքրքրում: Էս երկրին հեղինակություններ պետք չեն, այսօր ամեն ինչն է հեղինակազրկվում»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ ելույթ ունենալով համագումարի ընթացքում:

 

Անդրադառնալով դպրոցներում տոմսեր վաճառելու արգելքին՝ վերջինս ավելացրեց. «Ի՞նչ են ուզում ապացուցել»:

 

Դերասանն առաջարկեց մի խումբ մարդկանցով, կլինեն դրանք «երդվյալներ, թե ներկայացուցիչներ», գնալ կրթության նախարարի մոտ և ասել, «Աշոտյա՛ն, բարեկա՛մ, սիրելի՛ս, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում, բացատրի՛ր՝ հասկանանք: Եթե դուք դա դիտարկում եք կոռուպցիոն ռիսկեր անվան տակ, ապա գուցե կոռուպցիան հենց ձեր մոտի՞ց սկսեք կարգավորել»:

 

Արվեստագետի համոզմամբ, այսօրվա դպրոցականն է վաղվա հանդիսատեսը. «Ինչո՞ւ եք ասում, թե թող երեխան որոշի՝ ուզո՞ւմ է թատրոն գնալ, թե՝ ոչ: Այդ ո՞ր մի երեխան իր կամքով կգա ու կասի. «Մամ ջան, ինձ տար Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը նայելու»,-հայտարարեց Տիգրան Ներսիսյանը:

 

Վաստակավոր արտիստն իր ելույթում նշեց, թե պետք է կոնկրետ գործողությունների դիմել, այլ ոչ ամեն անգամվա նման խոսել և վեր կենալ ու տուն գնալ. «Անձամբ ես պատրաստ եմ գնալ ու հանդիպել, նստել ու խոսել, ես նույնիսկ կարող եմ հաճույքով sms անել իմ կրթության նախարարին»,-ասաց դերասանը: