Տարբերություն չի դրվում ներկայացում և նրբերշիկ պատրաստող կազմակերպությունների միջև. ԹԳՄ հերթական համագումարից (լուսանկարներ)
Թատերական գործիչների մասնագիտական խնդիրները բազմաթիվ են՝ կապված օրենսդրական դաշտի հետ:Այս մասին այսօր՝ Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարին հայտարարեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատերական գործիչ Ռուբեն Բաբայանը.««Թատրոնի մասին» ՀՀ օրենքի քննարկման հետաձգման իմաստը չեմ հասկանում, առավել ևս, այսօրվա օրով, երբ տարբերություն չի դրվում ներկայացում պատրաստող կազմակերպության և նրբերշիկ պատրաստող կազմակերպության միջև, նրանք երկուսն էլ ենթարկվում են գնումների մասին օրենքին»։
Ռուբեն Բաբայանն ակնկալում է, որ նման հավաքները ավելի շատ լինեն: «Եթե հասարակությունը հավաքվում է այս դահլիճում, ուրեմն ինչ-որ բան ակնկալում է, այլ բան է, թե ինչքանով սպասումները կարդարացվեն։ Իսկ ինչ-որ բան իրականացնելու համար անհրաժեշտ է, որ թատերական գործիչները հավաքվեն ոչ թե համագումարից համագումար, այլ մշտապես և ակտիվորեն իրենց ձայնը հնչեցնեն»,- ասաց նա:
Միության գործող նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ հայտնեց, որ մոտ ժամանակներում Ազգային ժողով պետք է ներկայացվի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, իսկ միության նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանելու հարցը կտա թատերական գործիչների միությունը:
Նշենք, որ ըստ գործող ԹԳՄ կանոնադրության՝ միության համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ:
«Եթե օրենքները չպետք է թատերական գործիչների համար նպաստավոր պայմաններ ստեղծեն, խրախուսեն մեկենասությունը մեր երկրում, ապա նման օրենքների ընդունումն անիմաստ է»,- եզրակացրեց Ռուբեն Բաբայանը:
Համագումարի օրակարգում են՝ ինչպես հաշվետվություններ կատարված աշխատանքների ներկայացումը, այնպես էլ վարչության և միության նախագահի ընտրությունները:
Թե ովքե՞ր են միության նախագահի թեկնածուները, միության գործող նախագահ Հակոբ Ղազանչյանը դեռ չի հստակեցրել:










