Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը
Անգլերեն լեզվով Օքսֆորդի բառարանը կազմողները 2013թ. տարվա բառ են ընտրել «selfie» (ինքնալուսանկար) բառը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Նման որոշումը բառարանի խմբագրությունը բացատրել է այդ բառի օգտագործման կտրուկ աճով, որն ի սկզբանե օգտագործել են միայն սոցկայքերի օգտատերերը։ Ըստ նրանց հաշվարկների՝ 2012թ. համեմատ այս բառի օգտագործումը աճել է 17 հազ. տոկոսով։
«Selfie» բառը բառարանը կազմողները բացատրել են որպես «ինքնալուսանկար, որը, որպես կանոն, արվել է սմարթֆոնի կամ վեբ-տեսախցիկի օգնությամբ և տեղադրվել սոցկայքերում»։
Բառի ամենավաղ կիրառումը եղել է 2002թ. սեպտեմբերին, երբ այն օգտագործվել է ավստրալիական համացանցային ֆորումներից մեկում։
2013թ. տարվա բառի թեկնածուների թվում են եղել «twerk», «bitcoin» և «unlike» բառերը։










