Լեոնարդո դա Վինչիի տարօրինակ գյուտը վերստեղծվել է և ներկայացվել համերգի ժամանակ (տեսանյութ)

17:19 • 20.11.13

Լեհաստանում երաժիշտը վերականգնել և առաջին անգամ նվագել է տարօրինակ և գեղեցիկ երաժշտական գործիքով, որի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է, հաղորդում է huffingtonpost.com-ը:

 

Լեհ երաժիշտ Սլավոմիր Զուբրցիչկին փորձել է հնարավորինս հավատարիմ մնալ դա Վինչիի «ալտ-երգեհոնի» օրիգինալ գծագրերին, որոնք Վերածննդի ներկայացուցիչը ներառել է Codex Atlanticus 12-հատորանոց ձեռագրերի հավաքածուում:

 

Ելույթ ունենալով Կրակովի Երաժշտական ակադեմիայի հանդիսատեսի առջև՝ Զուբրցիչկին ասել է, որ գյուտը երաժշտական խառնուրդ է:

«Այս գործիքը մեր իմացած երեք գործիքների առանձնահատկություններն ունի՝ կլավիկորդ, երգեհոն և ալտ: Ես չգիտեմ՝ ինչ կմտածեր Լեոնարդո դա Վինչին իմ ստեղծած երաժշտական գործիքի մասին, բայց հուսով եմ, որ նրան դուր կգար»,- ասել է նա:

 

Երաժշտական գործիքի դիզայնի և ստեղծման համար Զուբրցիչկիից երեք տարի է պահանջվել: