Մադոննան գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը՝ ըստ Forbes-ի
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 25 ամենաբարձր վարձատրվող երաժիշտների 2013-ի ցուցակը։ Այն գլխավորել է ամերիկացի երգչուհի Մադոննան, 2-րդ տեղը զբաղեցրել է երգչուհի Լեդի Գագան, 3-րդը՝ Bon Jovi խումբը, գրում է forbes.ru-ն։
Մադոննան վստահաբար զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 125 մլն դոլար եկամուտով, որի հիմնական աղբյուրը համերգների տոմսերի, ինչպես նաև Material Girl հագուստի սեփական շարքի և Truth or Dare պարֆյումի վաճառքից ստացված եկամուտներն են։
2013թ. ընթացքում Լեդի Գագան ավելի քիչ է վաստակել՝ 80 մլն դոլար, նրան մի փոքր զիջում է Bon Jovi-ն՝ 79 մլն դոլարով։
Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Թոբի Կիթը ($65 մլն), Coldplay ռոք խումբը ($64 մլն), Ջասթին Բիբերը ($58 մլն), երգչուհի Թեյլոր Սվիֆթը ($55 մլն), Էլթոն Ջոնը ($54 մլն), Բեյոնսեն ($53 մլն) և Քենի Չեսնին ($53 մլն)։
Ցուցակում կարող են ընդգրկվել միայն ողջ կատարողները, նշում է պարբերականը։ Հակառակ դեպքում այն կգլխավորեր Մայքլ Ջեքսոնը, ում եկամուտը գնահատվում է 160 մլն դոլոր։










