ԱՄՆ-ի փոստը դրոշմանիշների շարք է թողարկել՝ նվիրված Հարի Փոթերին
ԱՄՆ փոստային ծառայությունը երեքշաբթի ներկայացրել է դրոշմանիշների նոր շարք, որը նվիրված է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վեպերի հերոս Հարի Փոթերին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
ԱՄՆ գլխավոր փոստապետ Պատրիկ Դոնահյուի խոսքով՝ գրքերի և ֆիլմերի հայտնի հերոսների նկարներով դրոշմանիշները դիտարկվում են որպես պոտենցիալ շահութաբեր ապրանք: «Փոթերիանան», Դոնահյուի կարծիքով, կնպաստի ամերիկացիների նոր սերնդի շրջանում դրոշմանիշներ հավաքելուն:
Այնուամենայնիվ, որոշումը կայացնելով, ամերիկյան փոստային ծառայությունը չի խորհրդակցել մասնագիտացված խորհրդատվական խորհրդի հետ: Դրա մասնակիցներն իրենց հերթին բացասաբար են անդրադարձել այդ նախաձեռնությանը: Կասկածների պատճառն այն է, որ նախևառաջ, հերոսները բրիտանացիներ են, այլ ոչ ամերիկացիներ: Երկրորդ հերթին՝ դրոշմանիշների վրա տեղադրվել են ոչ թե նկարներ, ինչպես սովորաբար արվում է, այլ լուսանկարներ, ավելի ճիշտ՝ ֆիլմից կադրեր:
Ընդհանուր առմամբ, թողարկվել է 5 միլիոն դրոշմանիշ:










