The Walt Disney Company-ն արգելել է Դիսնեյին ցուցադրել ծխելիս
The Walt Disney Company ընկերության պահանջով «Միստեր Բենքսի փրկությունը» ֆիլմի ստեղծողները, որում հերոսներից մեկը Ուոլթ Դիսնեյն է, ցույց չեն տվել նրան ծխելիս, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Ռեժիսոր Ջոն Լի Հենքոքի և պրոդյուսեր Էլիսոն Օուենի խոսքով՝ ծխելու տեսարաններից հրաժարվելը միակ պայմանն է եղել, որը ներկայացրել է ընկերությունը։
Իր ֆիլմերում ծխելու տեսարաններ ցուցադրելու արգելքը Ուոլթ Դիսնեյի ստուդիան սահմանել է 2007-ին։ Այն առանց բացառության տարածվում է ընկերության բրենդն օգտագործող բոլոր արտադրանքների վրա։
«Միստեր Բենքսի փրկությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հոկտեմբերի 20-ին։ Ֆիլմը նվիրված է Դիսնեյին, ով փորձում է համոզել բրիտանացի գրող Պամելա Թրևերսին թույլ տալ իրեն էկրանավորել Մերի Փոփինսի մասին գրքերը։ Դիսնեյին մարմնավորել է Թոմ Հենքսը, իսկ Թրևերսին՝ Էմմա Թոմփսոնը։










