Հայաստանում այսօր կբացվի Մկրտության սրբապատկերների ցուցահանդես, կանցկացվի բիզնես-ֆորում
«Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը Երևանում ներկայացնում է «Մկրտության սրբապատկեր» («Мерная икона») տեղեկատվական-լուսավորչական նախագիծը, որի շրջանակում Երևանի ռուսական արվեստի թանգարանում գեղարվեստական ցուցահանդես կանցկացվի` «Մկրտության սրբապատկեր. պատմություն ու ժամանակակից աշխարհ» խորագրով: Կցուցադրվեն ինչպես 14-15-րդ դարերի ռուսական եզակի սրբապատկերներ, այնպես էլ ժամանակից նկարիչների աշխատանքներ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիրներից Անդրեյ Պոկլոնսկին: Նա նշեց, որ ցուցադրվելիք սրբապատկերների թվում են ռուսական Մարիամ Աստվածածնի այնպիսի սրբապատկերներ, որոնք երբևէ դուրս չեն եկել Ռուսաստանից: Այսօր դրանք տեսնելու եզակի հնարավորություն ունեն հայաստանցիները:
«Այս նախագծի շնորհիվ մենք վերականգնել ենք 300 տարի առաջ գոյություն ունեցող և մեր ժամանակներում մոռացված մի շատ գեղեցիկ ռուսական ավանդույթ: Հնում Ռուսաստանում ընդունված է եղել նորածնի մկրտության կապակցությամբ նրա հասակի և ուսերի լայնությանը համապատասխան սրբապատկեր ստեղծել։ Ժամանակակից աշխարհում 300 տարի առաջ մոռացված ավանդույթը վերականգնելը նույնն է, ինչ-որ նոր ավանդույթ ստեղծելը»,-ասաց նա և ընդգծեց, որ շնորհիվ իրենց նախագծի՝ ներկայումս աշխատանք է ձեռք բերել շուրջ 9000 նկարիչ:
Նշենք նաև, որ այս շարժական ցուցահանդեսը, որն անցկացվում է 2005թ.-ից վեր, ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնանքը։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ պաշտոնապես կմեկնարկի նաև «Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբի» հայկական ներկայացուցչության բարեգործական ակցիան, որն ուղղված է Գյումրու տուն-ինտերնատի վերակառուցմանը։ Այստեղ ապրում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված ընտանիքների 107 երեխաներ:
Նշենք, որ այսօր նախագծի շրջանակում կանցկացվի նաև բիզնես-ֆորում: «Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբի» հայկական ներկայացուցչության տնօրեն, գործարար Խաչատուր Հակոբյանը տեղեկացրեց, որ այն լինելու է երեք հարցերի շուրջ՝ հյուրանոցներ, զբոսաշրջություն և էներգետիկա:
«Պետք է քննարկենք հյուրանոցային ոլորտը, հատկապես Երևանից դուրս՝ մարզերում դրանց զարգացման հարցը: Ուզում ենք կորպորատիվ զբոսաշրջությունը զարգացնենք Հայաստանում: Միջին և մանր բիզնեսը անհրաժեշտ է, որ Հայաստանում զարգանա: Բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարհում այսօր ռուս զբոսաշրջիկը ամենացանկալին է: Իսկ ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, ապա բոլորս էլ գիտենք, որ այն ամեն օր զարգացում է ապրում, և մեր նպատակն այն է, որ երկու երկրների մասնագետները համագործակցեն միմյանց հետ և զարգացումը լինի հավասարաչափ»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենց նպատակն այսօր հիմնականում այն է, որ Հայաստանում զարգանա միջին ու մանր բիզնեսը, և մարդիկ աշխատանք ունենան:










