Կարմիր բլրի տարածքում պատմամշակութային մեծ կարևորություն ներկայացնող դամբարանադաշտ է հայտնաբերվել
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց, որ Կարմիր բլրի մերձակայքում իրենց կողմից իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է մեծ դամբարանադաշտ, ինչն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում հայկական պատմամշակութային ժառանգության համար:
«Պեղումները սկսվել են երեք ամիս առաջ, առաջին փուլն արդեն ավարտվել է, որի տվյալներով պարզեցինք հուշարձանների սահմանները, երկրորդ փուլում կուսումնասիրենք դամբարանադաշտը, հետո արդեն դամբարանները: Այդ ամբողջ տարածքը ժամանակին եղել է այգի, և որևէ մեկը չի ենթադրել, որ այնտեղ կարող է լինել պատմամշակութային արժեք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ շուրջ 700 մետր տարածք է հետազոտվել և պարզվել է, որ մի հատվածում կա դամբարանադաշտ, և միայն ճանապարհի տակ մնացող հատվածում, ըստ իրենց նախնական պատկերացումների, կարող է բացվել 500 դամբարան:
Բանախոսի ներկայացմամբ՝ իրենք գիտեն Կարմիր բլուրի մշակույթը, բայց թե ովքե՞ր են ապրել այնտեղ, ինչպիսի՞ կրոնական պատկերացումներ են ունեցել, պետք է պարզել: «Կարող ենք ասել, որ սրանք քաղաքաբնակ աշխատավոր խավի դամբարաններն են, որոնց թաղման ծեսը և այնտեղ գտնված գտածոներն իրենց վրա հստակ կրում են տեղական ավանդույթները, այսինքն՝ այնտեղ եղել են այն ավանդական բնակիչները, որոնք եղել են Արարատյան դաշտում»,-ասաց նա:
Այդ դամբարանները պեղելու արդյունքում, ինչպես Հակոբ Սիմոնյանը նշեց, իրենց առջև մի հսկայական փաստավավերագրական դաշտ է բացվելու, ձեռք են բերելու հսկայական տեղեկատվություն: «Մենք արդեն կարող ենք ասել, թե ինչպիսի դիրքով են մահացածին թաղել, արդեն թաղման ծեսի մասին որոշ բաներ հայտնի են»,-ավելացրեց նա՝ նշելով, որ ուսումնասիրությունները կշարունակվեն:










