«Մանկական Եվրատեսիլ 2013» մրցույթին հայաստանյան մասնակցի ելույթը կլինի համեղ շոկոլադային. Գոհար Գասպարյան (տեսանյութ)

14:36 • 22.11.13

«Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա, որտեղ ամսվա վերջին օրը կկայանա մրցույթը:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանկական Եվրատեսիլ- 2013» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ, թե Մոնիկան որ համարի ներքո է հանդես գալու, քանի որ դա որոշվելու է նոյեմբերի 25-ին, երբ յուրաքանչյուր մասնակից իր ձեռքով խաղարկության ժամանակ կհանի իր համարը:

 

«Մանկական Եվրատեսիլը բաղկացած է մեկ փուլից և հետևաբար անցկացվելու է մեկ օր: Մեր մասնակիցները համեղ շոկոլադային ելույթ կունենան, ինչպիսին որ մեր երգն է: Ինչպես գիտեք՝ երգը կոչվում է «Choco factory»: Բեմադրությունն իրենից ներկայացնում է շոկոլադի ֆաբրիկա՝ իր բոլոր աշխատողներով»,-ասաց Գոհար Գասպարյանը և տեղեկացրեց, որ բեմադրության ռեժիսորն է Վահան Բադալյանը:

 

Ինքը մասնակիցը՝ Մոնիկան, պատմեց, որ երբ Հայաստանում անցկացված նախընտրական փուլի ժամանակ հայտարարվեց իր անունը, իրենք թիմով շատ էին ուրախացել:

 

«Չէինք մտածում, որ կհաղթենք, իսկ հիմա ուզում եմ լավ ներկայացնել իմ հայրենիքը մրցույթում ու նաև գոհացնեմ իմ վոկալի դասատուին՝ Էմմա Ասատրյանին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ հենց ինքն ու իր ուսուցչուհին են երգի ինչպես բառերի, այնպես էլ երաժշտությանը համահեղինակները:

 

Մոնիկան նաև նշեց, որ մեկնում է հաղթելու, բայց ուրախ կլինի, որ բարձր հորիզոնականներից մեկում տեղ զբաղեցնի:

 

«Ես էլ եմ հուզվում, ինչպես բոլորը, բայց մենք պատրաստվել ենք, նախընտական փուլից հետո ամեն օր մենք պարապել ենք»,-ասաց նա:

 

Մոնիկան իր հիմնական մրցակիցը համարեց Ռուսաստանի ու Մալթայի մասնակիցներին, քանի որ հենց նրանց երգերն է շատ հավանել: Գոհար Գասպարյանն էլ ընդգծեց, որ մեր երգը առանձնահատուկ է իր ոճով և հենց ոճային առումով մրցակիցը չունի:

 

«Բայց Եվրատեսիլ է և ոճային բազմազանության մեջ չես կարող ասել, թե որը կհաղթի: Դա կախված է ժյուրիից ու հանդիսատեսից»,-ասաց նա:

 

Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարի փոփոխություններ են մտցվել և ըստ այդմ՝ առաջին երեք հորիզոնականում հայտնված մասնակիցներին սպասվում են անակնկալներ:

 

Նշենք, որ Հայաստանը եվրոպական այս մրցույթին մասնակցում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի մրցույթին Հայաստանից բացի, կմասնակցի ևս 11 երկիր՝ Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա և Ադրբեջան: