«Եվրատեսիլը»՝ մեր «փոփ» երաժշտության կարևոր իրադարձություն. «Հ1» -ը չի արձագանքում սոցցանցերում հնչող կոչերին
Facebook սոցիալական ցանցում վերջին օրերին ակտիվացել են քննարկումները, որ եվրոպական որոշ երկրների օրինակով Հայաստանը ևս հրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցությունից՝ ինչպես Խորվաթիան, Սերբիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը՝ մեծ մրցութային մեծ ծախսերի պատճառով:
«Օրինակ, մենք ավելի հարո՞ւստ ենք, որ էս տիկնակլոնձ շոուին մասնակցում ենք ամեն տարի։ Հրաժարվե՛նք «Եվրատեսիլից» մնացածների նման»,- իր անձնական էջում գրել է օգտատեր, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը ևս վերանայի իր մասնակցության հարցը, ասաց, որ նման բնույթի հարցերի չի պատասխանում:
Իսկ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանն ի պատասխան ասաց. «Նման որոշում չկա ընդհանրապես, նման հարց չի քննարկվել: Իսկ մասնակցությունը մեզ տալիս է Եվրոպայի հեռարձակողների միության անդամ լինելու առավելություններից մեկը: Եվ այս մրցույթին տարիներ շարունակ Հանրայինը մասնակցել է, և դա կարևոր իրադարձություն է եղել մեր երկրի երաժշտական կյանքում: Գոնե «փոփ» երաժշտության ոլորտում»:
Նա նշեց, որ որպես լրատվության աշխատակից իրավասու չէ պատասխանել հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող Հայաստանը ևս հրաժարվի մասնակցությունից, և ավելացրեց, որ դա Հանրային հեռուստատեսության ղեկավարության որոշումների տիրույթում է:
Հանրայինի հանրային կապերի պատասխանատուն նաև հրաժարվեց ներկայացնել, թե յուրաքանչյուր տարի որքան գումար է ծախսվում «Եվրատեսիլի» վրա՝ ասելով, որ նախ, տեղյակ չէ, և երկրորդ. նման պրակտիկա ցայսօր չի եղել, այսինքն՝ այս թիվը երբևէ չի հրապարակվել:










