Պարզվել է, որ հոլիվուդյան հայտնի պրոդյուսերը իսրայելցի լրտես է
Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը` Արնոն Միլչանը, Իսրայելի լրտեսն է: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մարտին Սկորսեզեի, Ռոբետ դե Նիրոյի, Սերջո Լեոնեի, Ռիդլի Սքոթի պես աստղերի հետ աշխատած Միլչանը, պարզվել է, զենքի մասնագետ է և 20 տարի թաքցրել է, որ աշխատում է իսրայելական հետախուզության համար:
Այն, որ Միլչանն առաջատար գործակալ է, հայտնի է դարձել իսրայելական Uvda վավերագրական սերիալից: Այդ ֆիլմում Միլչանն ասել է. «Գիտեք` ինչ է զգում 20-ամյա երիտասարդը, երբ երկիրը նրանից պահանջում է Ջեյմս Բոնդ լինել»:
1944-ին Պաղեստինում ծնված Միլչանն իսրայելական հետախուզությունում է հայտնվել ներկայիս նախագահ Շիմոն Պերեսի`պաշտպանության փոխնախարար եղած շրջանում:
Հայտնի է դարձել, որ Միլչանին իր գործողություններն իրականացնելու հարցում օգնել է նաև անվանի ռեժիսոր Սիդնի Փոլաքը:
Հայ հանդիսատեսին հայտնի են Միլչանի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ «Գեղեցիկ կինը»` Ջուլիա Ռոբերթսի և «Մարտական ակումբը»` Բրեդ Փիթի մասնակցությամբ:










