Վերաօծվել է Ախալքալաքի Ալաթումանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցին (լուսանկարներ)
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի նոյեմբերի 23-ին Արակովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, օծվել է Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղի «Սուրբ Երրորդություն» անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը:
Ինչպես տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը, եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվել է Սբ . և Անմահ Պատարագ: Պատարագիչը եղել է Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը Ջավախքի և, մասնավորապես, Ալաթումանի ժողովրդին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը:
Սրբազան Հայրն իր խոսքում ասել է. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն և այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հայաբնակ այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը և այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»:
Ներկաներին իր ողջույնն էր հղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր է գնահատել բարերարի իրականացրած աշխատանքը: «Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել են այս երանելի օրվան: Երազել են տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, լսել զանգերի ղողանջը, մոմ վառել և աղոթք անել առ Աստված: Եվ ահա բարերարի շնորհիվ նրանց երազանքը դարձավ իրականություն»,- իր խոսքում նշել է Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը և բարերարին փոխանցեց օրհնության գիր և Աստվածաշունչ մատյան:
Սուրբ Երրորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու շենքը վնասվել է 1899-թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Այն վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ի հիշատակ բարերարի հոր՝ եկեղեցու բակում կանգնեցվել է Խաչքար:
Եկեղեցու վերաօծման սուրբ արարողությանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարածաշրջանի փոխնահանգապետ Հարություն Հովհաննիսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Սուրբ Երրորդություն Եկեղեցու վերաօծման ավարտին կատարվել է ավանդական մատաղի օրհնություն:
Տոնի կապակցությամբ տեղի է ունեցել համերգային միջոցառում, որին մասնակցել են Մավր Մկրտչյանն ու ընկերները, «Կարին» երգի և պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Բարալեթ գյուղի ազգագրական մանկապատանեկան համույթի սաները:
Ալաթուման գյուղը գտնվում է Ախալքալաքից 20 կմ հեռավորությամբ: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուրի խճուղին:
Հայ բնակչությունն այստեղ վերաբնակվել է 18-րդ դարից սկսած Կարնո նահանգի համանուն գավառից:










